22 մարտի 2010 - 19:51 AMT
Թուրքիայի նախագահը պաշտպանում է Էրդողանին
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը` Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձեւի ընդունման մասին անհարգալից վերաբերմունք է պատմության հանդեպ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: «Այս որոշումը ոչ թե պատմաբաններն են ընդունել, այլ մի խումբ մարդիկ, որոնք գտնվում էին լոբբիստների խմբի ազդեցության ներքո», - ասել է Թուրքիայի նախագահը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Ցեղասպանության հարցով պետք է զբաղվեն պատմաբանները: «Թող նրանք որոշում ընդունեն այս հարցի վերաբերյալ, եւ մենք կընդունենք այն», - ընդգծել է Աբդուլահ Գյուլը:

Անդրադառնալով Թուրքիայում գտնվող 100.000 հայ տարագիրներին երկրից վտարելու մասին Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, Ա. Գյուլն ասել է, որ ԶԼՄ-երը սխալ են մեկնաբանել Էրդողանի խոսքերը:

«Նա չէր ուզում ասել, որ մենք այդ մարդկանց վտարում ենք, սակայն ուզում էր ընդգծել այն փաստը, որ թշնամանք կամ որեւէ վիրավորվածություն չունենք նրանց հանդեպ: Թուրքիայի վարչապետը ուզում էր ուշադրություն հրավիրել այն բանին, որ թեեւ Թուրքիայում շատ են անլեգալ կերպով աշխատողները, սակայն Անկարան նրանց երկրից վտարման քաղաքականություն չի վարում: Եթե մենք նման մտադրություն ունենայինք, ապա այդ վաղուց կանեինք», - ընդգծել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է The Irish Times-ը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 23 կողմ եւ 22 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: