22 մարտի 2010 - 19:52 AMT
4 հայեր հաղթանակ են տարել Ֆրանսիայում կայացած շրջանային ընտրություններում
Ֆրանսիայի հայ համայնքն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել երկրի տարածաշրջանային ընտրություններին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրոպայի Հայկական ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքով, ընդհանուր առմամբ ընտրություններին իրենց թեկնածությունն էին առաջադրել ողջ Ֆրանսիայում հայ համայնքի 39 ներկայացուցիչներ, սակայն հաղթանակեցին ընդամենը 4-ը` Ֆրեդերիկ Սարկիսը Փարիզից (ձայների 56,69%), Գարո Հովսեփյանը Ֆրանսիայի հարավ-արեւելքից (ձայների 44,11%), Էդուարդ Սիմոնյանը Ռոն-Ալպից (ձայների 50,76%) եւ Մարի-Անն Առաքելյանը Հարավ-Պիրենեյներ շրջանից (ձայների 67,77%):

Հիլդա Չոբոյանը, որն ընտրություններում ներկայացնում էր Ռոն-Ալպեր շրջանը, ընտրացուցակի 26-րդ տեղում հայտնվեց: Չոբոյանը հաղորդել է, որ ամենայն հավանականությամբ մոտակա ամիսների ընթացքում կարող է տեղ ստանալ շրջանային խորհրդում:

Մարտի 21-ին Ֆրանսիայում կայացավ շրջանային ընտրությունների երկրորդ փուլը: