22 մարտի 2010 - 21:18 AMT
Նուման Քուրթուլմուշ. Էրդողանի խոսքերն անհնար է արդարացնել
100 հազար հայերի Թուրքիայից արտաքսելու մասին Թուրքիայի վարչապետի խոսքերն անհնար է արդարացնել: Այդ մասին հայտնել է թուրքական իսլամական «Բարգավաճում» կուսակցության ղեկավար Նուման Քուրթուլմուշը` ելույթ ունենալով կուսակցության համագումարում: Թուրք քաղաքական գործչի խոսքով, XX դարի սկզբին համաշխարհային իմպերիալիզմի դավադրության հետեւանքով հսկայական կորուստներ կրեցին Թուրքիայի ինչպես հայերը, այնպես էլ մուսուլմանները: Նա նա միջազգային խաղացողներին ու գերտերություններին խորհուրդ տվեց երիտթուրք առաջնորդների սխալները չվերագրել ժամանակակից Թուրքիային, հաղորդում է Timeturk.com-ը:

Մարտի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հանդեպ արձագանքի մասին BBC հեռուստաընկերության հարցին, ասաց, որ հնարավոր է` Թուրքիայից արտաքսվեն Հայաստանի 100 հազար անօրինական գաղթականներ: Նրա խոսքով, Թուրքիայում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Վաղը, եթե պահանջվի, «ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- հայտնեց Էրդողանը: