23 մարտի 2010 - 12:25 AMT
Today's Zaman. Թուրքիայի Ռազմածովային ուժերը մեղսակից են Հրանտ Դինքի սպանությանը

Թուրքիայի իրավապահ մարմինների պնդմամբ, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայի ռազմածովային ուժերի սպայական կազմաի կազմակերպած դավադրության մի մասն էր

Ինչպես գրում է թուրքական թերթը, մարտի 19-ին Ստամբուլի 12-րդ քրեական դատարանում սկսվել է Թուրքիայի ՌԾՈւ երեք ծովակալների եւ 30 սպաների դեմ հարուցված գործի քննությունը: Դատավարության ընթացքում մեղադրող կողմը մի շարք նյութական ապացույցներ է ներկայացրել: Այդ թվում նաեւ դավադության ծրագիր պարունակող մի խտասկավառակ, որը բացահայտվեց 2009թ. գարնանը թուրքական բանակի պաշտոնաթող սպա Լեվենթ Բեքթաշի տանը: Ըստ դատախազության, «Վանդակ» (Cage Operation) գործողությունների ծրագրի հիմնական նպատակն էր նախադրյալներ ստեղծել ռազմական հեղաշրջման համար:

Դատախազությունը պնդում է, որ գաղտնի ծրագրի առաջին փուլում կազմվել է ամենահայտնի գործիչների ցուցակը, որոնք ներկայացնում են Թուրքիայի կրոնական փոքրամասնությունները: Երկրորդ փուլում ցուցակում ընդգրկված անձանց պետք է ուղարկվեին սպառնալից նամակներ:

Իրավապահ մարմիններին հաջողվեց հայտնաբերել, առնվազն, մեկ ապացույց: 2007թ. Ստամբուլի փոստային բաժանմունքից քաղաքում գործող մի շարք հայկակն դպրոցների տնօրեններին երկթերթանոց նամակ էին հղել սպառնալիքներով: «2007թ. մայիսի 3-ին ուղարկված այդ նամակները վերնագրված էին` «Վերջին նախազգուշացում»:

Հաջորդ փուլում, բանակի հետ սերտ կապեր ունեցող լրագրողներին պետք է հանձնարարվեր լայնորեն լուսաբանել մամուլում սպառնալիքների թեման` պնդելով, թե Էրդողանի կառավարությունն ի վիճակի չէ ապահովել այդ քաղաքացիների խմբերի անվտանգությունը: Ավարտական փուլում նախատեսվում էին մի շարք սպանություններ, որոնց մեղքը պետք է բարդվեր Արդարության եւ զարգացման կուսակցության վրա:

Իրավապահ մարմինները պնդում են, թե Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի, կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոյի եւ Մալաթիայում երեք քրիստոնյաների սպանությունները այդ ծրագրի մի մասն էին կազմում:

«Վանդակի» հեղինակները կարծում էին, որ դա քաոս կառաջացնի, սակայն նրանց սպասելիքները չարդարացան»,-գրում է Today's Zaman-ը: