23 մարտի 2010 - 18:00 AMT
«ԱրմենՏել»-ը կշարունակի ռոումինգի ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն, որը մտնում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ, մտադիր չէ հաճախորդներին բջջային կապի ռոումինգի ծառայություններից զրկել Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Ադրբեջանական Day.az ինտերնետ-թերթը հերթական անգամ «ՎիմպելԿոմ» ընկերությանը մեղադրել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չհարգելու համար», քանի որ ընկերությունը ռոումինգի ծառայություններ է մատուցում Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Մինչդեռ ԼՂՀ-ում գործող «Ղարաբաղ-Թելեքոմ» բջջային կապի օպերատորը համաձայնագրեր ունի աշխարհի 80 երկրների 120 օպերատորների հետ: «Մենք անհրաժեշտ չենք համարում ռոումինգից զրկել մեր ընկերության հաճախորդներին եւ դրանով իսկ նրանց կորուստ հասցնող իրադրության մեջ դնել այլ օպերատորների հաճախորդների նկատմամբ»,- ասաց Անուշ Բեղլոյանը: