13 հունիսի 2003 - 18:32 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը գտնվում է ցածր մակարդակի վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան կարգավորման հարցով երկրի նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի «Bilik Dunyasi»-ն, Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւի Մադրիդում կայացած հանդիպման ընթացքում միջնորդների այցի ժամկետները տարածաշրջան չեն քննարկվել: «Համանախագահները հետաձգում են տարածաշրջան իրենց այցը` պատճառաբանելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը դեռ չի եկել: Իսկ մենք գտնում ենք, որ վաղուց ժամանակն է լուծել այդ հարցը»,- ասել է փոխնախարարը: