24 մարտի 2010 - 12:26 AMT
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը մարտի 29-ին քննարկելու է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը
Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկումը: Ինչպես ասվում է Armenia Solidarity կազմակերպության կողմից PanARMENIAN.Net-ին ուղարկված հայտարարության մեջ, բրիտանական բոլոր խորհրդարանականներին բաժանվելու են թերթիկներ, որոնք դատապարտում են Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Ջեկ Ստրոյի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին եւ կոչ են անում Լորդերի պալատին մասնակցել քննարկմանը:

Ավելի վաղ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Լոնդոն կատարած այցի ժամանակ Ջեկ Ստրոն խոստացել էր Անկարային, որ Մեծ Բրիտանիան չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը: «Ես կարող եմ բոլորին հավաստիացնել, որ օրինագծի ընդունման շանսերը հավասար են զրոյի»,- ասել էր Ստրոն: Նրա խոսքերով, ոչ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ոչ ընդդիմությունը չեն պաշտպանում այդ օրինագիծը:

«Հավանաբար նախարար Ստրոն պատրաստ է անտեսել թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի իրավաբանական եզրահանգումը Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաեւ ցեղասպանություններն ուսումնասիրող գիտնականների Միջազգային ասոցիացիայի (IAGL) դիրքորոշումը: Մենք կոչ ենք անում խորհրդարանականներին ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդեպ, որպեսզի նա նկատողություն անի Ջեկ Ստրոյին Հայկական հոլոքոսթի ժխտման համար: Մենք իհարկե հասկանում ենք, որ նախարարի այդ քայլը պայմանավորված է Մեծ Բրիտանիայում թուրքական դեսպանատան եւ երկրի խորհրդարանում իսրայելական լոբբիի ճնշմամբ»,- ասվում է Armenia Solidarity-ի հայտարարությունում:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձեւն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատ:

Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը: