24 մարտի 2010 - 12:41 AMT
Վրաստանաբնակ ադրբեջանցիներին Նովրուզի տոնի առթիվ շնորհավորելը` ֆարս է
Վերջերս Վրաստանում, իշխող կուսակցությունից սկսած, ընդդիմությամբ ավարտած, բոլորը հրապարակայնորեն շնորհավորեցին վրաստանաբնակ ադրբեջանցիներին Նովրուզ բայրամ տոնի կապակացությամբ, այդպիսով իսկ ցուցադրելով ողջ աշխարհին` թե տեսեք, մենք որքան հանդուրժող ենք եւ ուշադիր ազգային փոքրամասնությունների հանդեպ: Նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Նովրուզ բայրամը հայտարարեց Վրաստանի համազգային տոնը, իսկ Իրակլի Ալասանիան նույնիսկ այնքան ջանադրաբար մոտեցավ այդ հարցին, որ Նովրուզ բայրամի փոխարեն շնորհավորեց Կուրբան բայրամի առթիվ: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ջավախահայության կոչում` ուղղված Վրաստանի ընդդիմադիր եւ այլ կուսակցություններին:

Ուղերձի հեղինակներն ընդգծում են, որ բոլորի համար ակնհայտ է այն փաստը, որ դա ուղղակի ֆարս է, քանի որ, օրինակ, Ջավախքի-Ծալկայի հայության պահանջների հանդեպ լիակատար անտարբերություն է ինչպես Վրաստանի այժմյան ղեկավարության, այնպես էլ` ընդդիմության կողմից: «Տպավորություն է ստեղծվում, որ նման համայնք ու շրջան Վրաստանում գոյություն չունի: Դա մեզ մեկ անգամ եւս համոզում է նրանում, որ ինչպես Վրաստանի իշխող կուսակցությունը, այնպես էլ ընդդիմությունը փաստորեն ոչ մի ազգային ծրագիր չունեն եւ միայն «պայքարում» են իրար հետ աթոռի եւ «համեղ պատառի» համար, յուրաքանչյուրն իր շահերից: Համապատասխանաբար, դա հետեւյալ եզրակացության հիմք է տալիս` այսօր Վրաստանում չկա ոչ մի տարբերություն`ընդդիմություն, կամ իշխող կուսակցություն: Ներկայումս Վրաստանում օբյեկտիվ նախադրայլներ են ստեղծվել, երբ Վրաստանի ցանկացած ընդդիմադիր կուսակցություն կարող է ջավախահայության կամ ցանկացած այլ ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման խնդիրներն օգտագործելով, դրսեւորի իր յուրօրինակությունն ու անթերի լինելը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Ջավախքի հասարակական կազմակերպությունները դիմում են Վրաստանի բոլոր շահագրգիռ եւ ընդդիմադիր կուսակցութուններին եւ հրավիրում են նրանց բաց երկխոսության` հեռուստակամուրջների, «կլոր սեղանների» եւ քաղաքակիրթ քննարկումների այլ տեսակների: Ջավախահությունն արդեն տարիներ շարունակ փորձում է ուշադրություն հրավիրել, սակայն ոչ Վրաստանի իշխանամետ կուսակցությունները, ոչ երկրի ընդդիմությունը ուղղակի չեն ցանկանում նրանց լսել: Հավաստիացնում ենք, որ մենք առաջիկայում եւս հավատարիմ կմնանք միջազգային նորմերին եւ կանոններին եւ կպայքարենք մեր իրավունքների համար, իսկ շարունակվող անտարբերության պայմաններում մեր մեթոդներն անշեղորեն կընդունեն առավել ծայրահեղական դրսեւորումներ` մեր սահմանադրական իրավունքի շրջանակներում»,-ասվում է հայտարարության մեջ: