24 մարտի 2010 - 16:42 AMT
ՎԶԵԲ-ը 2010թ. ապրիլին կներկայացնի կորպորատիվ կառավարման օրենսգիրքը
Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ՀՀ օրենսդրության հիման վրա մշակել է կորպորատիվ կառավարման օրենսգիրքը, որը հանրության դատին կներկայացվի ընթացիկ տարվա ապրիլին: Այդ մասին մարտի 24-ին Երեւանում լրագրողներին է հայտնել ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: «Մենք չենք մշակել նոր օրենսդրություն, այլ ուղղակի համալրել ենք այն որոշակի դրությներով, որոնք ուղղված են լինելու հայկական ընկերություններում կորպորատիվ կառավարման բարելավմանը, ինչը թույլ կտա նրանց դուրս գալ միջազգային մակարդակ»,-ասել է նա «Զարգացման բանկերը որպես ազնիվ կորպորատիվ համակարգի ամրապնդմանն ուղղված բարեփոխումների աջակիցներ. հայաստանյան փորձ» թեմայով երկրորդ նիստի ավարտին, որը տեղի ունեցավ կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված համաժողովի շրջանակներում, որն անցնում է Երեւանում:

Այդ օրենսգիրքն, ըստ նրա, կկենտրոնանա ընկերությունների կորպորատիվ կառավարման վրա: «Կճշտվի նաեւ տնօրենների խորհրդի գործունեությունը, որպեսզի նրանք ոչ թե հենց այնպես հավաքվեն ու ինչ-որ բան քննարկեն, այլ որ նրանց որոշումները, կոնֆիդենցիալ որոշումներից բացի, հայտնի դառնան ընկերության բաժնետերերին եւ ընկերության հետ առնչվող անձանց:

Ինչպես տեղեկացրել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարը, կորպորատիվ կառավարման օրենսդրությունն առաջին փուլում կկիրառվի պետկազմակերպությունների, առեւտրային բանկերի եւ ընկերությունների հանդեպ, որոնց ցուցակվել են ֆոնդային բորսայում, ինչը թույլ կտա հիմքեր ստեղծել նրա ճշտման եւ համալրման համար` հիմնվելով այդ ընկերութունների կարծիքի վրա: «Քանի որ մենք առաջին փուլում ենք, դա թույլ կտա կանոնակարգող մարմիններին զտել ընկերությունների գործունեությունը եւ համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ օրենսդրության մեջ: Որից հետո, լրամշակված օրենսգիրքը կկիրառվի նաեւ այլ ընկերությունների հանդեպ»,-նշել է նա: Ընդ որում նա հավելել է, որ օրենսգիրքը կվերանայվի երկու տարին մեկ անգամ, իսկ կորպորատիվ կառավարման նորմերի ներմուծումը կամավոր բնույթ կկրի:

Վալերիու Ռազլոգը հայտնել է նաեւ, որ այս փուլում օրենսգիրքը թարգմանվում է հայերեն եւ մինչեւ ապրիլի ավարտը կզետեղվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԿԲ եւ ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքերում, ինչպես նաեւ այն հասանելի կլինի Հայաստանի բոլոր ընկերությունների համար:

«Մասնավոր կորպորատիվ համակարգի ամրապնդում» խորագրով խորհրդաժողովը, որն անցել էր Երեւանում մարտի 24-ին, կազմակերպվել էր USAID-ի հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացման ծրագրի կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ USAID-ի «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» ծրագրի հետ համատեղ: Խորհրդաժողովին մասնակցում են տեղի եւ արտերկրի ձեռնարկությունների, միջազգային բանկերի ու առեւտրային գործակալությունների, ինչպես նաեւ կառավարության ու քաղաքացիական հանրության շուրջ 200 ներկայացուցիչներ:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար:

Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար: