25 մարտի 2010 - 19:19 AMT
Յալըմ Էրալփ. Ոչ պատմաբանները, ոչ էլ խորհրդարանները չեն կարող եզրակացություն տալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Իրավական տեսակետից թուրքական կառավարությունն իրավունք չունի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, քանի որ դրա համար չկա միջազգային դատական կառույցների որոշումը: Քանի դեռ միջազգային դատարանը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չի ճանաչել, Թուրքիայի ոչ մի կառավարություն իրավունք չունի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թուրք նախկին դիվանագետ, արտաքին քաղաքական գծով փորձագետ Յալըմ Էրալփը: Նա ավելացրեց, որ ինքն անձամբ չի ժխտում, բայց եւ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքով, աշխարհի տասնյակ երկրների կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունումը դատական որոշում չէ:

«Ինձ արդեն սկսում է զայրացնել թուրքական կառավարության քաղաքականությունը, որը հայտարարում է, որ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ է պարտություն կրել այդ հարցում: Իսկ եթե մենք մեկ ձայնի տարբերությամբ հաղթեինք, արդյո՞ք մեկ երկրի խորհրդարանի որոշումը կվերափոխի պատմությունը»,- ասել է նախկին դեսպանը:

Պարզելու համար` արդյոք Հայոց ցեղասպանությունը եղել է, թե ոչ, Յալըմ Էրալփը Հայաստանին եւ Թուրքիային առաջարկում է հայտ ներկայացնել Իրավարար դատարան: «Ես վստահ եմ, որ պատմաբանները չեն կարող եզրակացություն տալ Ցեղասպանության հարցում»,- ասել է փորձագետը` ավելացնելով, որ ամեն դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացն անհրաժեշտ է շարունակել:

Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը: