25 մարտի 2010 - 19:27 AMT
Էրդողանը խայտառակ արտահայտություններ է արել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անթույլատրելի հայտարարություն է իրեն թույլ տվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է թուրք նախկին դիվանագետ, Թուրքիայի արտաքին քաղաքականության փորձագետ Յալիմ Էրալփը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի վերջերս արած հայտարարությունը` Թուրքիայում ապօրինի բնակվող տարագիր հայերին երկրից վտարելու մասին: «Ես, իհարկե, չեմ կարծում, թե վարչապետն ասել է այն ինչ մտածում է, սակայն նա խայտառակ արտահայտություններ է թույլ տվել իրեն», - ասել է Թուրքիայի նախկին դեսպանը:

Նրա խոսքերի համաձայն, Էրդողանին հունից հանել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Շվեդիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերը: «Սակայն քաղաքական եւ պետական գործիչները իրավունք չունեն բարկանալու», - նշել է Յալիմ Էրալփը:

Նախկին դեսպանի խոսքերի համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանի շահերը պաշտպանելու Անկարայի փորձերը միայն մեկ բան են նշանակում` գործընթացի կեղծ նմանակում եւ արձանագրությունները վավերացնելու ցանկության բացակայություն:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: