25 մարտի 2010 - 19:35 AMT
Էդուարդ Ափրամյան. Վրաստանի իշխանությունները դեռեւս միջնադարում են ապրում
Այսօր Երեւանում նոր պահպանողական շարժումը ՄԱԿ-ի շենքի առջեւ բողոքի ցույց էր կազմակերպել` ի պաշտպանություն ջավախահայության: «Ի տարբերություն հայկական իշխանությունների, հասարակությունը հասկանում է, որ Ջավախքը մեր միակ անվտանգ ելքն է դեպի ծով: Այս հարցում պետք չէ լինել քաղաքագետ կամ քաղաքական գործիչ, հասկանալու համար Ջավախքի կարեւորությունը հասարակության զարգացման, մեր երկրի հզորացման եւ տնտեսության ծաղկման համար»,-ասել է Նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների անտարբերությունն այս հարցում հասցրել է խայտառակ իրավիճակի:

«Ամեն օր Վրաստանի իշխանությունները նվաստացնում են, սպանում են եւ մշակութային, հոգեւոր ու կրթական ահաբեկչության են ենթարկում Ջավախքի հայերին: Այսօր մեր հայրենակիցները, հիասթափված լինելով Հայաստանի իշխանություններից, պայքարում են վրացական իշխանությունների հակահայ քարոզչամեքենայի դեմ` վատնգի ենթարկելով իրենց կյանքն ու անվտանգությունը»,-գտնում է Նոր պահպանողական շարժման առաջնորդը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները, ելնելով իիենց ազգային բարդույթներից, ճնշում են գործադրում ազգային փոքրամասնությունների վրա` ապացուցելով , որ «նրանք դեռ միջնադարում են բնակվում»: Նա հավելել է նաեւ, որ Վրաստանը փորձում է ամեն կերպ անջատել ջավախահայերին Հայաստանից, թույլ չտալով սահմանակետերից անցկացնել հայերեն լեզվով գրականություն, ինչով խախտում են մարդու իրավունքները:

«Մենք պահանջում ենք միջազգային համամարդկային արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններից, անհապազ հետաքննել սահմանային հարցերը, պաշտպանել մարդու իրավունքները վրաց սահմանապահներից եւ հատուկ ծառայության աշխատակիցներից»,-ասել է Է.Ափրամյանը:

Ափրամյանի ելույթից հետո, ակցիայի մասնակցիները նամակ են հանձնել Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: Նման բովանդակությամբ նամակ է հղվել նաեւ Եվրոպայի խորհուրդ:

Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 50 մարդ: