26 մարտի 2010 - 16:20 AMT
«Թռչող հոլանդացին» ֆիլմի ռեժիսոր Յոս Սթելինգը Երեւանում վարպետության դասեր կանցկացնի

Հոլանդացի հայտնի կինոռեժիսոր Յոս Սթելինգը մարտի 23-28-ը «Ոսկե ծիրան» յոթերորդ կինոփառատոնի շրջանակներում կանցկացնի վարպետության դասեր: Այդ դասընթացների ժամանակ ռեժիսորի մշակած ծրագրով կնկարահանվեն երեք խաղարկային ֆիլմեր` «Սերը եւ քաղաքը» թեմայով:

«Ես ընտրել եմ այն սցենարները, որոնք հնարավոր է մի քանի օրում նկարահանել: Երիտասարդ, անփորձ հայ ռեժիսորների հետ աշխատելով ես տեսա կինո ստեղծելու նրանց մեծ ցանկությունը: Ցանկության առկայությունն առաջնային է, շատ կարեւոր է, սակայն դրա չափից ավելի դրսեւորումը երբեմն նկարահանման հրապարակում անկազմակերպ աշխատանքի առիթ է դառնում», - ասել է ռեժիսոր, սցենարիստ Յոս Սթելինգը մարտի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նկարահանվում են Հասմիկ Հովհաննիսյանի («Գլխարկ»), Մարիանա Եղիազարյանի («Գաղտնիք»), Արթուր Սուքիասյանի («Գեղեցկադեմը Երեւանից») ֆիլմերը:

Ֆիլմերը քննարկվելու են մարտի 28-ին, իսկ ցուցադրումը տեղի կունենա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: