26 մարտի 2010 - 18:15 AMT
Իրանական նոր տարին ազդեց հայկական դրամի փոխարժեքի վրա
Հայաստանի ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումները հիմնականում կապված են երկրի դոլարի ներհոսքի հետ, որի պատճառը իրանցի զբոսաշրջիկներն են, որոնք Հայաստանում են տոնում Նովրուզ բայրամը (Նոր տարին): PanARMENIAN.Net-ի թղթակցին նման կարծիք է հայտնել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

Ըստ նրա, ի տարբերություն մնացած աշխարհի, դոլարի փոխարժեքը Հայաստանում ներքին գործընթաց է, որը կառավարվում է պետության կողմից: Այս պահի դրությամբ, ըստ փորձագետի, դրամի փոխարժեքը մոտ է ամրագրվածին:

Այս առնչությամբ Թեւանյանը հավելել է, որ փոխարժեքի կտրուկ տատանումներ, ինչպես դա եղավ 2009թ. մարտին, երբ ԿԲ-ն հայտարարեց դրամի լողացող կուրսի անցնելու մասին, տեղի չեն ունենա:

Մարտի 17-ին Հայաստանի արժույթի շուկայում դրամի փոխարժեքը ԱՄՆ 1 դոլարի համեմատ գերազանցեց «հոգեբանական» նիշը, կազմելով 400,10 դրամ մեկ դոլարի դիմաց, որից հետո դրամի փոխարժեքը աստիճանաբար արժեզրկվեց: Վերջին օրերին իրավիճակը Հայաստանի արժույթի շուկայում կարեծս սկսեց կայունանալ եւ այսօրվա դրությամբ փոխարժեքը կազմում է 394,62 դրամ 1 դոլարի դիմաց:

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հավելեց, որ զբոսաշրջության ոլորտում զգալի աճ է գրանցվել: «Մենք աշխատում ենք զբոսաշրջիկներ ներգրավել տարբեր տարածաշրջաններից եւ ուրախ ենք գրանցել, որ ըստ նախնական տվյալների, միայն մարտին Հայաստան է այցելել Իրանի 15-17 հազար քաղաքացի, ինչն առնվազն 3 անգամ գերազանցում է 2009թ. նույն ժամանակաշրջանի տվայլները»,-ասել է նա:

Բացի այդ, ըստ նրա, ակնկալվում է նոր բազմամարդ հոսք Իրանից, ինչը զգալի ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա:

Մարտի 20-21-22-ին մահմեդականները նշում են Նովրուզ բայրամը, որը նշանավորում է նոր տարվա գալուստը: