23 նոյեմբերի 2001 - 23:20 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ԼՈՒԿՈՅԼ»-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Այսօր «Լուկոյլ» ու «Տրանսնեֆտ» ռուսական ընկերությունների ղեկավարությունը կհանդիպի Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք կփորձեն համոզել նրանց Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարության նախագծի շահավետությունում: «Լուկոյլ»-ի նախագահ Վահիթ Ալեքպերովի խոսքերով` դրանից հետո հնարավոր կլինի այդ նախագծում մասնակցության մասին որոշում ընդունել: Ընդ որում Ալեքպերովը ընդգծել է, որ վերջնական որոշումը ընկերության ղեկավարությունը համաձայնեցնելու է Ռուսաստանի կառավարության հետ: Ինչպես հայտնի է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով կոմիտեն հանդես է եկել Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարությունում ռուսական ընկերությունների մասնակցությունը արգելելու նախաձեռնությամբ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Կալյուժնին հայտարարել է երկրի արտգործնախարարության կողմից այդ նախաձեռնությունը պաշտպանելու մասին, քանի որ այդ նավթատարի կառուցումը, որը շրջանցելու է Ռուսաստանի տարածքը, հակասում է Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական շահերին: Հայտնի է, որ երեկ Վահիթ Ալեքպերովին ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկություններ կան, որ այլ հարցերի թվում քննարկվել է նաեւ Ադրբեջանում նավթային նախագծի իրագործմանը ռուսական ընկերությունների մասնակցության նպատակահարմարությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: