27 մարտի 2010 - 14:31 AMT
UNIDO-ն 2,2 մլն դոլարով ֆինանսավորելու է EurAsEc-ի երկրների եւ Հայաստանի արդյունաբերական հատվածը
Մարտի 23-ին Վիեննայում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Գլխավոր տնօրեն Կանդեհ Յումկելան եւ Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ալեքսանդր Զմեեւսկին ստորագրեցին ՌԴ կողմից ֆինանսավորվող 2.2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «UNIDO-ի ներդումների եւ տեխնոլոգիաների խրախուսման գրասենյակների ցանցի հիմնում (ITPO) Եվրասիական տնտեսական համայնքի (EurAsEc) անդամ երկրներում եւ Հայաստանում» եռամյա ծրագիրը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ստորագրման արարողությանը ներկա էին EurAsEc-ի երկրների եւ Հայաստանի մշտական ներկայացուցիչները, UNIDO աշխատակիցներ:

Ծրագրի հիմնական նպատակն է` ստեղծել դեպի EurAsEc-ի երկրներ եւ Հայաստան ներդրումների հոսքի աճի համար բարենպաստ միջավայր, ավելացնել բարձր տեխնոլոգիաների եւ ներդրումների հոսքը դեպի արդյունաբերական հատված, աջակցել տեխնոլգիաների վրա հիմնված ձեռնարկությունների հիմնմանը:

UNIDO-ի ծառայություններն ուղղվելու են կառավարություններին, հանրային եւ մասնավոր հաստատություններին, տեղական ձեռնարկություններին եւ ներդրողներին աջակցմանը:

ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն է, որի ջանքերն ուղղված են արդյունաբերական զարգացման միջոցով աղքատության դեմ պայքարին: