27 մարտի 2010 - 16:42 AMT
Երեւանում կայացավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջին համագումարը
Երեւանում կայացավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջին համագումարը: Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես եկավ կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը, որը ներկայացրեց կազմակերպության գործունեությունն ու նպատակները, ինչպես նաեւ հաստատեց խորհրդի եւ ստուգող հանձնաժողովի կազմերը, որոնք ընտրվել էին կազմակերպության անդամների կողմից: Խորհրդի մեջ ներառվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ինչպես նաեւ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Ասրյանը հաղորդեց նաեւ, որ կազմակերպությանը միացել են «Արծիվ Մահապարտներ» միության բոլոր անդամները` գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի գլխավորությամբ:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Սեյրան Օհանյանը, որը ողջունեց կազմակերպության ստեղծումը: Ընդ որում, նա նշեց, որ նման կազմակերպությունների գործունեությունը կնպաստի երկրի բարգավաճմանը:

Միջոցառմանը մասնակցեց մոտ 500 հոգի:

Նախքան համագումարի մեկնարկը միջոցառման մասնակիցները երթ կազմակերպեցին Մարտիրոս Սարյանի արձանին կից Ֆրանսիայի հրապարակից Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին կից հրապարակ: