29 մարտի 2010 - 16:31 AMT
Քլինթոնն ընդգծել է ԱՄՆ-ում կայանալիք միջուկային անվտանգության գագաթաժողովին Թուրքիայի մասնակցության կարեւորությունը
Թուրքիայի ԱԳ նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջեւ հեռախոսազրույցի ընթացքում շեշտը դրվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձեւի վրա: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը: Նրա խոսքով, Ահմետ Դավուդօղլուն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին Ամերիկայի հայ համայնքին հղված ուղերձում հաշվի կառնի «Թուրքիայի զգայունությունը Հայոց ցեղասպանության մասին հարցի առնչությամբ»:

«Երրորդ երկրներում պատմությունը դատապարտող որոշումների ընդունումը բացասաբար է անդրադառնում Երեւանի ու Անկարայի միջեւ գործընթացի եւ ողջ Կովկասում տիրող իրադրության վրա»,- մեջբերում է Օզուգերգինը Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերը: Նա նշել է նաեւ, որ պետքարտուղար Քլինթոնն ընդգծել է Վաշինգտոնում ապրիլի 12-13-ին կայանալիք միջուկային անվտանգության գագաթաժողովին Թուրքիայի մասնակցության կարեւորությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ իրադրությունը Մերձավոր Արեւելքում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ տարածաշրջանային խնդիրները, հաղորդում է Anatolian News Agency-ն: