Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտարարել է, որ շարունակում է այն կարծիքին մնալ, որ Թուրքիային հարկավոր չէ լիարժեք անդամակցություն տրամադրել ԵՄ-ում: Անկարա կատարած պաշտոնական այցի առաջին օրը նա ասել է նաեւ, որ Թուրքիան չպետք է բացասական տեսակետից դիտարկի «արտոնյալ կարգավիճակի» առաջարկը: Հանդիպմանը, բացի այդ, դրսեւորվեցին տարաձայնություններն Իրանի ու Կիպրոսի հարցում, ինչպես նաեւ Գերմանիայում թուրք երեխաների թուրքերենով սովորելու հարցում:
Բոլոր կարեւոր հարցերի շուրջ կանցլեր Մերկելն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայփ Էրդողանը տարբեր տեսակետներ են հայտնել: Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ հնարավոր է համարում Թուրքիայի ինտեգրումը ԵՄ օրենսդրության 28 եւ 35 կետերով, որոնց պետք է համապատասխանի երկիրը, դաշինքի լիիրավ անդամ դառնալուց առաջ:
Անկարայում համատեղ մամլո ասուլիսից առաջ նա հայտարարել է, որ «խաղի կանոնները փոխվել» են 2005 թվականից: «Անդամակցության մասին բանակցությունները մի գործընթաց է, որ վերջնական ամսաթիվ չունի: Ես գտնում եմ, որ մենք պետք է աշխատնեք այդ գործընթացի վրա»,-ասել է նա: Վարչապետ Էրդողանը ոչինչ չասաց, սակայն նախկինում նա հայտնել է իր վրդովմունքն այն առնչությամբ, որ «կանոնները փոխվում են խաղի ընթացքում»:
Թուրքիայի կառավարությունը վճռականորեն մերժում է Գերմանիայի առաջարկը որպես պայմանների խախտում, որոնք համաձայնեցվել էին հինգ տարի առաջ բանակցությունների մեկնարկի պահին:
Անգելա Մերկելի այցը հազիվ թե օգուտ տա ԵՄ-ի ու Թուրքիայի առանց այդ էլ դժվարին հարաբերություններին: Իրանի վերաբերյալ Մերկելը ցանկանում է հասնել նրան, որ Անկարան սատարի միջազգային պատժամիջոցներին, այն դեպքում երբ Էրդողանն անվանում է դրանք հակաարդյունավետ ու երկերեսանի: Թուրքիան վերջերս ամրապնդել է իր հարաբերություններն Իրանի հետ եւ դեմ է հանդես գալիս առավել կոշտ պատժամիջոցներին, որոնցով սպառնում են Իրանին արեւմտյան երկրների կառավարությունները:
Երկու երկրների նախագահները համաձայնության չեն եկել նաեւ Կիպրոսի հարցում: Գերմանիայի կանցլերը կոչ է արել շուտափույթ կերպով լուծել Թուրքիայի կողմից կիսված կղզու կառավարությունը ճանաչելու հարցը, հաղորդում է BBC News-ը: