30 մարտի 2010 - 14:50 AMT
Հայաստանի արժույթի շուկայում կտրուկ նվազել է դրամի պահանջարկը
Ազգային արժույթով արտահայտված Հայաստանի դրամական բազան սկսեց կրճատվել 2008-ի վերջում եւ այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս, մամլո ասուլիսում լրագրողներին է ասել Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Հայաստանի արժույթի շուկայում կտրուկ նվազել է դրամի պահանջարկը, որի պատճառը երկու գործոն ունի` քաղաքական, աճող անվստահությունը իշխանությունների հանդեպ, այստեղից էլ բխող անվստահությունն ազգային արժույթի նկատմամբ, ինչպես նաեւ փողերի արտահոսքը արտասահման»,-ասել է նա: Այն երկրների թվում, դեպի ուր «հոսում են մեր միջոցները», մասնագետը նշել է Վրաստանը, որտեղ առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել գործարարների համար:

Բացի այդ, Բագրատ Ասատրյանը հաղորդել է, որ միայն ընթացիկ տարվա առաջին երեք ամսում դրամի քանակը նվազել է 45 մլրդ դրամով: «Եթե 2008-ին կանխիկ դրամական բազան կազմել է 344 մլրդ դրամ, ապա 2009-ին` 320 մլրդ դրամ, իսկ 2010թ. մարտի 25-ի դրությամբ այն կրկին կրճատվեց` հասնելով 274 մլրդ դրամի»,-ասել է նա:

Անդրադառնալով դրամական միջոցների ավելացման հիմնական աղբյուրներին` դրամական փոխանցումներին, ՀՀ ԿԲ նախկին նախագահը հավելել է, որ 2010թ. հունվարին դեպի Հայաստան դրամական փոխանցումների քանակը 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 25 տոկոսով: