30 մարտի 2010 - 17:46 AMT
Կներկայացվի «Տիեզերքը ափի մեջ» փաստագրական ֆիլմը` ասղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի մասին

«ՀայART» մշակութային կենտրոնում ապրիլի 2-ին տեղի կունենա ակադեմիկոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, նկարիչ եւ գրող Գրիգոր Գուրզադյանին նվիրված երեկո. առաջին անգամ կցուցադրվի «Տիեզերքը ափի մեջ» փաստագրական ֆիլմը` ներկայացնելով մեծ գիտնականի, փիլիսոփայի, գրողի, նկարչի մտածողության եւ էության բազմաշերտ աշխարհը:

Այս ամենն իրենց յուրովի դրսեւորումն են գտել նաեւ Գուրզադյանի նկարչության մեջ, 60 օրինակ կցուցադրվի երեկոյի ընթացքում:

Իսկ գրող Գուրզադյանի գեղագիտական եւ փիլիսոփայական աշխարհին այցելուները հաղորդակից կլինեն ներկայացվող գրքերով. «Տիեզերքը ափի մեջ», «Մի սիրո պատմություն», «Կոսմիկական կատաստրոֆա», «Խոհեր.... Խոհեր...», «Որդիս Արարատի գագաթին», «Կաքավաբերդի առեղծվածը»:

«Ֆիլմը ստեղծվել է Գուրզադյանի հետ տարբեր տարիների հանդիպումներից, հարցազրույցներից եւ նկարահանումներից պահպանված արխիվային նյութերի հիման վրա: Այդ հանդիպումները, զրույցները, բանավեճերը անջնջելի են եւ շատ ուսանելի, որոնք եւ փորձել եմ ֆիլմի միջոցով դարձնել բոլորինը: Գուրզադյանը ոչ միայն ապրում էր Գառնիի լեռների ու բնության մեջ, այլեւ դարձել էր դրանցից անբաժան մի մասնիկ եւ ձուլվել բնությանը` հայացքը դեպի տիեզերական անհունություն»,- հավաստեց «ՀայART» մշակութային կենտրոնի տնօրեն, ֆիլմի հեղինակ Ռիտա Շառոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: