31 մարտի 2010 - 14:46 AMT
Երեւանում բացվելու է հայ-բրիտանական առեւտրաարդյունաբերական պալատը

Հայ-բրիտանական միությունը (ABC) հանդես է եկել հայ-բրիտանական առեւտրաարդյունաբերական պալատի (ABCC) բացման նախաձեռնությամբ: Ինչպես հայտնել է ABC նախագահ Հայկ Հարությունյանը, կազմակերպության նպատակն է խթանել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը հետեւյալ ուղղություններով. համագործակցություն կրթության ոլորտում, կապերի ամրապնդում մշակույթի ոլորտում, ֆինանսական ինտեգրում, տնտեսական համագործակցություն եւ հասարակական կազմակերպությունների փոխազդեցություն:

Նրա խոսքերով, հայ-բրիտանական առեւտրաարդյունաբերական պալատի բացումը կայանալու է Երեւանում առաջիկա երկու շաբաթում, իսկ պալատի ստեղծման համար Լոնդոնում տարվում են ակտիվ աշխատանքներ: «Մեզ համար կարեւոր է բրիտանացի գործարարների ներգրավումը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներ: Բիզնես-կապերը խթանելու եւ երկու երկրների միջեւ բազմաֆունկցիոնալ սահմաններ ստեղծելու համար մենք հանդես ենք եկել ABCC ստեղծման նախաձեռնությամբ»,- ասել է Հարությունյանը:

ABC-ն շահույթ չհետապնդող, ոչ առեւտրային կազմակերպություն է: Կազմակերպության անդամները հիմնականում Մեծ Բրիտանիայի ուսումնական հաստատությունների շրջանավարտներն են: