1 ապրիլի 2010 - 18:15 AMT
Թուրքիային խորհուրդ են տալիս հետեւել սերբական խորհրդարանի օրինակին եւ ներողություն խնդրել հայերից Ցեղասպանության համար

Թուրք մտավորականության որոշ ներկայացուցիչներ Եվրամիությանն անդամակցել ձգտող Թուրքիային կոչ են անում հետեւել սերբական խորհրդարանի օրինակին, որը վերջերս դատապարտեց 1995թ. Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների զանգվածային սպանությունները, եւ ներողություն խնդրել հայերից Հայոց ցեղասպանության համար:

Ինչպես հաղորդում է HaberTurk-ը, նման առաջարկով հանդես են եկել Թուրքիայի Էգիթեփե համալսարանի դասախոս Մայա Արաքոնն ու միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Սոլի Օզելը:

Մայա Արաքոնի կարծիքով, Սերբիան, որը նույնպես ձգտում է ԵՄ մտնել, փորձում է «մաքրագրել» իր անցյալը, եւ Թուրքիան նույնպես կարող է հանդես գալ նման նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության հարցում: