2 ապրիլի 2010 - 11:26 AMT
Անկարայում քննարկվելու է Հայոց ցեղասպանության հարցը

Ապրիլի 24-25-ն Անկարայում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության մասին խորհրդաժողով «1915` նախապատմական եւ հետպատմական շրջան. ժխտում եւ առճակատում» անվանումով: Խորհրդաժողովի կազմակերպիչն է Անկարայում «Մտքի ազատության նախաձեռնությունը» (AFTI): Խորհրդաժողովի ընթացքում քննարկվելու են ոչ միան պատմական հարցեր, այլ նաեւ ունեցվածքի բռնագրավման դիմաց հայերին պատճառած վնասը փոխհատուցելու հարցը:

Մասնակիցներն են հրատարակիչ Ռագիպ Զարաքոլուն, պատմաբան Ռեջեփ Մարասլին, գրող Սաիթ Չեթինօղլուն, ինչպես նաեւ գիտնական-պատմաբաններ ԱՄՆ-ից:

Գիտաժողովը նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին: Չորս նստաշրջանի ընթացքում շոշափվելու են Հայոց ցեղասպանության հարցը պատմական հեռանկարում, ժխտման պաշտոնական գաղափարախոսությունը «Միավորում եւ զարգացում» կուսակցությունից մինչեւ քեմալիզմ, տնտեսության թուրքացում եւ հայկական ունեցվածքի բռնագրավում հարցերը: Խորհրդաժողովի մասնակիցները փորձելու են պատասխանել այն հարցին, թե ինչ պետք է անել եւ ինչպես վերոհիշյալ հարցերում, գրում է The Armenian Weekly-ն: