2 ապրիլի 2010 - 13:46 AMT
Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի միջոցառումների ցանկը ներառում է ձեռնարկումների ութ ուղղություն

ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության 95-ամյակի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հանձնաժողովի անդամները եւս մեկ անգամ քննարկել են ընթացիկ տարվա միջոցառումների ցանկը:

Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի միջոցառումների ցանկը ներառում է ձեռնարկումների ութ ուղղություն 2010 թվականի համար. գիտակրթական, մշակութային միջոցառումներ (երեկոներ, ցերեկույթներ), գրքերի ու ալբոմների հայերեն եւ օտարալեզու հրատարակություններ ու վերահրատարակություններ, ցուցահանդեսներ, թատերական բեմադրություններ, երթեր, հուշ-երեկոներ, դպրոցականների այցելություն Հայոց ցեղասպանության թանգարան, ինչպես նաեւ ֆիլմերի նկարահանում, ցուցադրություն, ցուցապաստառների պատրաստում ու տեղադրում եւ այլն: Բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում ներգրավված են պետական գերատեսչություններ, տարբեր հասարակական ու քաղաքական կառույցներ:

Կարեւորվել են հայ եւ օտարազգի գիտնականների եւ իրավագետների համախմբման ու գիտաժողովների անցկացման հարցերը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հատկապես ԱՄՆ-ում եւ Եվրոպայում միջազգային իրավունք ուսանող երիտասարդներին եւ նրանց դասախոսներին պետք է համախմբել: Բոլոր երկներում առկա գիտական ներուժի` ուսանողների եւ դասախոսների համախմբման եւ համատեղ աշխատանքի կազմակերպման հարցում մեծ ներդրում կարող է ունենալ «Լույս» հիմնադրամը: Ուշագրավ է նաեւ հանգամանքը, որ Հարվարդի ուսանողների մի խումբ որպես դիպլոմային աշխատանքի թեմա ընտրել է Հայոց ցեղասպանությունը:

Ի մի բերելով արդեն ընթացքի մեջ գտնվող եւ դեռ կայանալիք ձեռնարկումները` Տիգրան Սարգսյանը կարեւորել է բոլոր միջոցառումների պատշաճ կազմակերպման ու կատարման բարձր մակարդակը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: