2 ապրիլի 2010 - 14:43 AMT
Կարեն Բեքարյան. Հայաստանը պետք է կոշտ պատասխան տար Էրդողանի հայտարարությանը

Հայաստանի իշխանությունները պետք է կոշտ գնահատական տային Թուրքիայի վարչապետի այն արտահայտությանը, թե Թուրքիայից կարող են վտարվել շուրջ 100 հազար ապօրինի ներգաղթյալ հայեր: Այդ մաիսն Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, հայկական իշխանությունները կարող էին հայտարարել, որ այդպիսով սկիզբ է դրվում Արձանագրությունների տակ Հայաստանի ստորագրության ետ կանչման գործընթացին: Ընդ որում, նա նշել է, որ ճիշտ կլիներ նաեւ, եթե Հայաստանի ԱԳՆ-ն կոչ աներ իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Թուրքիա այցելություններից, քանի որ հայկական իշխանությունները չեն կարող պաշտպանել սեփական քաղաքացիներին այդ երկրում:

«Ես ռասիստական եմ համարում Թուրքիայի վարչապետի հայտարարությունները»,-ասել է Բեքարյանը: Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին` Բեքարյանն ասել է, որ այս գործընթացի ելքը մեծապես կախված է Սարգսյան-Օբամա-Էրդողան հնարավոր հանդիպումից: «Արձանագրությունների վավերացման շանսերը շատ քիչ են, թեեւ հավասար չեն զրոյի»,-ասել է Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, Հայաստանի համար Արձանագրություններից հրաժարվելու ամենահարմար պահը Էրդողանի հայտարարությունն էր:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` Բեքարյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գնալով գիտակցում են, որ առանց Ղարաբաղի հակամարտության լուծումն արդյունավետ չի լինի:

«Առանց Ղարաբաղի մասնակցության հարցը չի կարող լուծվել: Եթե ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին, նշանակում է, նրա ստորագրությունը չի դրվում համաձայնագրի տակ, հետեւաբար, նա չի պարտավորվում որեւէ որոշում կատարել, եւ նրան դա չեն կարող ստիպել, ինչպիսին էլ լինի այդ որոշումը»,-ասել է Բեքարյանը:

Մեկնաբանելով պատերազմի վերսկսման հնարավորությունը` Կարեն Բեքարյանն ասել է, որ պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը երբեք չի կարելի բացառել: «Չնայած նրան, որ պատերազմի վերսկսման հնարավորությունը բավականին փոքր է, դրան միշտ պետք է պատրաստ լինել»,-ասել է Բեքարյանը: