5 ապրիլի 2010 - 15:38 AMT
“Նեզավիսիմայա գազետա”. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անդառնալի բնույթ է ստանում

"Վաշինգտոնն առավելագույն ջանքերն է գործադրում, որպեսզի Անկարայի ու Երևանի հաշտեցման գործընթացը վերջնականապես չճահճանա: Բուռն սկիզբը, որը նշանավորվեց Թուրքիայի եւ Հայաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի եւ Սերժ Սարգսյանի փոխադարձ այցելություններով իրենց երկրների հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումներին եւ ստացավ ֆուտբոլային դիվանագիտություն անվանումը, 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ԱԳՆ մակարդակով ամրագրվեց միջպետական փոխհարաբերությունների կարգավորման գծով "շվեյցարական արձանագրությունների"` "ճանապարհային քարտեզի" ստորագրմամբ: Արձանագրությունների համաձայն, Երեւանն ու Անկարան քաղաքական մերձեցում են սկսել, որը մոտակա հեռանկարներում կավարտվի լիարժեք բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ",- գրում է "Նեզավիսիմայա գազետա"-ն:

Սակայն, պարբերականի կարծիքով, այն, ինչին, թվում էր, պատրաստ էին Թուրքիայի եւ Հայաստանի քաղաքական առաջնորդները, պատրաստ չեղան տեղի հասարակություններն ու պահպանողական քաղաքական խավերը: "Թուրքիայում համարեցին, որ ջերմացնելով Երեւանի հետ հարաբերությունները, իշխանությունները ճակատագրի քմահաճույքին են թողնում իրենց ռազմավարական գործընկերոջը` Ադրբեջանին` չլուծված ղարաբաղյան հիմնախնդրով հանդերձ: Նույն տեսակետն է արտահայտել նաեւ Բաքուն, որը գնային քաղաքականության խստացում է սկսել եղբայրական Թուրքիային գազի մատակարարման հարցում: Ռազմավարական գործընկերության փրկությունը հանձն առավ վարչապետ Էրդողանը, որն այդ շրջանում աչքի ընկավ Երեւանի ուղղությամբ կոշտ հայտարարություններով, որոնց իմաստը հանգում էր այն մտքին, որ կարգավորում չի լինելու, քանի դեռ հայկական կողմը ադրբեջանական իրավասությանը չի վերադարձել Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները եւ սկզբունքորեն չի հրաժարվել 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային քարոզարշավից: Հայկական կողմը վերջնագրի կարգով հայտարարեց այն մասին, որ խորհրդարանը կվավերացնի "շվեյցարական արձանագրությունները" միայն այն բանից հետո, երբ դա անեն թուրք գործընկերները: Թուրքիայի խորհրդարանն իր հերթին "կորցրեց" "շվեյցարական արձանագրությունները" կոմիտեներից մեկում` "հիշելով" մեկ Ադրբեջանից հեռացված Լեռնային Ղարաբաղն ու մերձակա շրջանները, մեկ մատնացույց անելով Ցեղասպանության ճանաչման` հայերի չդադարող քարոզարշավը, ինչը "չի համապատասխանում "շվեյցարական արձանագրությունների" ոգուն",- ընդգծվում է հոդվածում:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի, իսկ մեկ օր անց Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հանգեցրեց նրան, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց թուրք-հայկական հաշտեցման գործընթացի դադարեցման մասին եւ սպառնաց արտաքսել Թուրքիայից գումար վաստակելու նպատակով անօրինական կերպով այդ երկրում գտնվող հայերին: Հայկական կողմը մատը մատին չտվեց. ինչպես մինչ այժմ էինք ապրում առանց Թուրքիայի հետ հարաբերությունների, այնպես էլ կապրենք հետագայում: Երեւանը փորձեց խթանել նախաձեռնությունը` նախագահ Բարաք Օբամային հիշեցնելով նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ին նշվելու է ողբերգության 95-ամյակը:

"Ինչպես այս օրերին պնդում են Երեւանում, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անդառնալի բնույթ է ստացել: Նման հայտարարությունները չափազանց լավատեսական են, եթե հաշվի առնենք ինքնին Թուրքիայում առկա լուրջ երեւույթները: Մի քանի տեղացի պատմաբաններ, փաստաբաններ եւ իրավաբաններ առաջատար թուրքական թերթերին տված հարցազրույցներում միաժամանակ իշխանություններին կոչ են արել դեմ չգնալ հոսանքին, ճանաչել XIX դարի վերջին սկսված հայերի զանգվածային սպանությունների եւ տեղահանման փաստերը, որոնց գագաթնակետը դարձավ 1915 թվականը, եւ վերջապես վերջակետ դնել թուրքական պետության այդ ողբերգական էջում: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ նման հայտարարությունները կամ խոստովանություններն օրենքով պատժվում էին, գիտնականներն ազատության մեջ են: Ինչպես եւ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բեյդեմիրը, որը շրջանային խորհրդաժողովում պաշտոնական ներողություն հայտնեց հայ ժողովրդին, որը "մինչեւ 1915 թվականը Դիարբեքիրի բնակչության գրեթե կեսն էր կազմում" եւ նրանց համարձակորեն կոչ արեց հայրենի հող վերադառնալ. "Ոչ մի ներողության հայց չի կարող թեթեւացնել այդ ողբերգությունը... Դուք ստիպված էիք հեռանալ, բայց վստահ եղեք` կորցրել եք ոչ թե դուք, այլ մենք, որ այստեղ ենք մնացել: Դուք ձեր հետ տարաք հաջողությունն ու խաղաղությունը": Ահա այսպիսի ոչ դյուրին արտաքին եւ ներքին քաղաքական պայմաններում Էրդողանը ստիպված կլինի Բարաք Օբամայի և, հնարավոր է, Սերժ Սարգսյանի հետ բանակցություններ վարել Անկարայի ցավոտ հարցերի շուրջ: Նրա սպառնալիքներն ու վերջնաժամկետներն այդքան էլ արդյունավետ չէին: Ուստիեւ չի բացառվում, որ այժմ Էրդողանը մտրակից հետո ստիպված կլինի կիրառել սիրաշահելու մեթոդը",- ամփոփելով գրում է "ՆԳ"-ն: