5 ապրիլի 2010 - 18:10 AMT
Ազգային պատկերասրահում Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի

Ապրիլի 16-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեց ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը` Հայ նկարիչների համաշխարհային միության նախագահ Լազար Միրզոյանը, ցուցահանդեսում կներկայացվեն մոտ 100 թեմատիկ նկարներ` Գեւորգ Բաշինջաղյանից մինչեւ ժամանակակից նկարիչների աշխատանքներ:

Բացմանը ներկա կլինեն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախարարները, Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ այլ հյուրեր:

"Ցուցադրվող կտավների մեծ մասը մենք վերցրել ենք Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդերից, սակայն որոշ նկարիչներ իրենք են տրամադրել իրենց կտավները ցուցահանդեսի համար",- ընդգծեց Լազար Միրզոյանը:

Նա նշեց նաեւ, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀԱԵ Արարատյան թեմը, Հայ նկարիչների համաշխարհային միությունը, Հայաստանի Ազգային պատկերասրահը, իսկ հովանավորը ԱրմենՏել-ն է (Beeline ապրանքանիշ):