6 ապրիլի 2010 - 14:10 AMT
Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցում չի փոխվել

Եվրամիությունը պատրաստ է նպաստել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանն առանց նախապայմանների: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ընդլայնման ու եվրոպական հարեւանության քաղաքականության գծով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ըստ նրա. ԵՄ-ն պատրաստ է աջակցել սահմանամերձ շրջանների զարգացմանը, հենց որ արձանագրությունները վավերացվեն եւ ուժի մեջ մտնեն: Ընդ որում նա բարձր է գնահատում ՀՀ նախագահի գործունեությունն ու համարձակությունը, որը համաձայնվեց երկխոսություն սկսել Թուրքիայի հետ: Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հեռանկարը կարող է դրական ազդեցություն ունենալ եվրոպական ընտանիքին Թուրքիայի անդամակցության հարցում:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին` Ֆյուլեն ասաց, որ Եվրոպական միությունը ոչ միայն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, այլ նաեւ պատրաստ է մշակել կոնկրետ ծրագրեր Լեռնային Ղարաբաղում եւ ողջ տարածաշրջանում վստահության վերականգնման ուղղությամբ:

Իր հերթին Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցում չի փոխվել: “Ոչ միայն Հայաստանն, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական հարցը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է”,-ասել է Նալբանդյանը` մեկնաբանելով երկրի դիքրորոշման հնարավոր փոփոխությունը ԼՂՀ կարգավիճակի ճանաչման հարցում: Ըստ նրա, այդ համատեքստում, Հայաստանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, հակամարտությունը հնարավոր կլինի հանգուցալուծել մի քանի ժամում, վկայում է հենց այդ մասին: “Եթե այդ գլխավոր հարցն իր լուծումը ստանա, ապա մյուս հարցերի քննարկումը շատ ավելի դյուրին կլինի”,-ասել է Նալբանդյանը: