6 ապրիլի 2010 - 16:52 AMT
Քանի դեռ Թուրքիան ժխտում է Ցեղասպանությունը, նա շարունակում է մնալ ցեղասպան պետություն

Քանի դեռ Թուրքիան չի վերանայել իր սկզբունքային քաղաքականությունը Ցեղասպանության հարցում, ոչ մի հանդիպում արդյունավետ չի լինի: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ համատեղ մամլո ասուլիսում, մեկնաբանելով Սարգսյան-Օբամա-էրդողան առաջիկա հանդիպումը Վաշինգտոնում: Ըստ նրա, քանի դեռ Թուրքիան ժխտում է Ցեղասպանությունը, նա շարունակում է մնալ ցեղասպան պետություն: Ընդ որում հայ փորձագետը բարձր է գնահատել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավանդը, որն ընդգրկեց Ցեղասպանության հարցը երկրի արտաքին քաղաքականության օրակարգում, քանի որ հակառակ դեպքում այդքան պարզ չէր բացահայտվի, որ Թուրքիան շարունակում է մնալ նույն ցեղասպան պետությունը: “Եթե մենք չարծարծեինք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ապա վաղ թե ուշ դա կաներ միջազգային հանրությունը”,-ասել է Մանասյանը:

Իր հերթին Ստեփան Գրիգորյանն ասել է, որ ԱՄՆ կատարելիք այցի շեմին Հայաստանի նախագահը պետք է մի շարք քայլեր ձեռնարկի: “Առաջինը, Հայաստանը պետք է հայտարարի, որ միանում է Ղազախստանի նախագահի նախաձեռնությանը, այն է, որ միջուկային ծրագրի հարցում բոլոր երկրները պետք է հավասար համարվեն, բոլոր երկրներն իրավունք ունեն միջուկային ծրագրեր մշակել եւ, վերջապես, որ բոլոր երկրները պետք է համընդհանուր պայմանագիր կնքեն, որը կարգելի միջուկային զենքի փորձարկումը: Երկրորդը, Ս.Սարգսյանը Վաշինգտոն այցից առաջ պետք է վավերացնի արձանագրությունները, դրանով իսկ ծանր վիճակի մեջ դնելով Թուրքիային”,-ասել է Ստեփան Գրիգորյանը` հավելելով, որ Թուրքիայի վարչապետի հայտարարություններն այն մասին, որ երկրից կարող են արտաքսվել շուրջ 100 հազար ապօրինի ներգաղթած հայեր, արվել են հենց այն նպատակով, որ Հայաստանը չվավերացնի արձանագրությունները: Ընդ որում, փորձագետն ասել է, որ Հայաստանը նաեւ պետք է հայտարարի, որ պատրաստ է ստորագրել հին Մադրիդյան սկզբունքները: Ըստ նրա, նոր սկզբունքները չեն համապատասխանում Երեւանի շահերին: Գրիգորյանն ասել է նաեւ, որ չի համարում, թե հայ-թուրքական գործընթացը ձախողվել է: “Ես վստահ եմ, որ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, նա ձգձգում է գործընթացը ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից առավելագույնը ստանալու նպատակով”,-ասել է Ստեփան Գրիգորյանը: