6 ապրիլի 2010 - 18:00 AMT
Հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղի ունեցավ Մայր Աթոռի Դիվանատան բացման հանդիսավոր արարողությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան բացման հանդիսավոր արարողությունը և Դիվանատան կառուցման բարերարներ տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանների մեծարման հանդիսությունը:

Դիվանատան նորամուտի արարողությանը հաջորդեց Էջմիածնի Հայորդյաց տան սաների ներկայացրած գեղարվեստական ծրագիրը, որից հետո Հայակական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրեց Նազարյան ամուսիններին` նշելով, որ 400 տարվա պատմություն ունեցող Նազարյանների ընտանիքն այսօր էլ ի դեմս Նազար եւ Արտեմիս Նազարյանների շարունակում է ընտանեկան բարի ավանդույթը` իրենց բարեգործություններով զորակցելով Հայ Առաքելական Եկեղեցուն, Մայր Հայրենիքին եւ սփյուռքի տարբեր գաղթօջախներին:

Այնուհետև մեծարյալներին իր օրհնությունը եւ գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով Նազարյան ընտանիքի բարեգործ ոգուն և հայրենաշեն ձեռնարկներին: Նորին Սրբությունը նաև ընդգծեց նորակառույց Դիվանատան կարևոր նշանակությանը Մայր Աթոռի աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում:

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց շենքը նախագծած ամերիկաբնակ ճարտարապետ Արմանդ Ավագյանին, “Հորիզոն 95” շինարարական կազմակերպության տնօրեն Գագիկ Գալստյանին եւ Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի անդամներին: