8 ապրիլի 2010 - 11:45 AMT
ANCA-ն կոչ է անում նախագահ Օբամային կատարել իր նախընտրական խոստումը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը (ANCA) ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` պահանջելով կատարել հայ ժողովրդին տված իր նախընտրական խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նամակը ստորագրել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը, որը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ երկրի նախագահի խոստումի դրժումը, Հայաստանի հանդեպ գործադրվող ճնշումը` միակողմանի, թուրքամետ արձանագրությունները վավերացնելու հարցում, այսպես կոչված “պատմական հանձնաժողովի” հավանությունը, էլ ավելի խորացրեցին ԱՄՆ-ի հայ համայնքի ցասումն ու վրդովմունքը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ գրեթե բոլոր նախագահներն օգտագործում են ապրիլի 24-ն իրենց քաղաքական հայտարարությունների համար: “Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խնդրում է նախագահ Օբամային կատարել իր նախընտրական խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը”,-ասվում է Քեն Խաչիկյանի նամակում: