8 ապրիլի 2010 - 15:31 AMT
Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 8-ին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ոստիկանության համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման եւ այլ ոլորտներում լայնածավալ խորքային բարեփոխումները գտնվում են իրականացման փուլում:

Դեսպան Կապինոսը ԵԱՀԿ-ի պատրաստակամությունն է հայտնել աջակցել բարեփոխումների իրականացման ընթացքին` դրական գնահատելով ԵԱՀԿ-ի եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի միջեւ ձեւավորված համագործակցության ավանդույթը, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: