9 ապրիլի 2010 - 14:08 AMT
Արթուր Աբրահամի և Կարլ Ֆրոչի մենամարտը կայանալու է օգոստոսի 21-ին

Օգոստոսի 21-ին հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա) “Super Six” մրցաշարի շրջանակներում անցկացնելու է իր վերջին մենամարտը Կարլ Ֆրոչի հետ (Անգլիա), հաղորդում է bild.de-ն:

Մարտի անցկացման հնարավոր տեղ են անվանում բրիտանական Նոթինհեմը կամ Բեռլինը: Հայ բռնցքամարտիկը կողմ է երկրորդ տարբերակին: “ԱՄՆ-ում պարտությունից հետո ես ցանկանում եմ մենամարտն անցկացնել բեռլինյան O2 World մրցասպարեզում, դա իմ ամրոցն է”,- ասել է Աբրահամը:

Աբրահամի ցանկությունն ավելի հեշտ կիրականանա, եթե Ֆրոչն ապրիլի 24-ին հաղթի Միկել Քեսլերին (Դանիա): Այդ հաղթանակը գրեթե ապահովում է Ֆրոչի մուտքը կիսաեզրափակիչ: Այս իրավիճակում անգլիացու թիմը կարող է զիջումների գնալ: