9 ապրիլի 2010 - 16:16 AMT
ՀՀ նախագահի առաջիկա հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ մտահոգել է խորհրդարանական խմբակցություններին

Ոչ մի անսպասելի բան չկա նրանում, որ Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Վաշինգտոնում` ապրիլի 12-13-ին կայանալիք միջուկային անվտնագության վերաբերյալ միջազգային գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է “Ժառանգություն” կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, պաշտոնական Երևանի դժգոհությունը հայ-թուրքական գործընթացի ձգձգման վերաբերյալ նախատեսված է ներքին սպառման համար, իսկ արտաքին քաղաքականության ասպեկտում Հայաստանը դեռ երկար է պատրաստ սպասել: “ՀՀ-ն չի կարող դուրս գալ հայ-թուրքական գործընթացից, քանի որ միակ մասնակիցը չէ, և ցանկացած քայլ այդ ուղղությամբ կարող է բացասական հետևանքներ ունենալ”,-ասել է նա` նշելով, որ որոշակի ուժեր կշահարկեն այդ հանդիպումը` ներկայացնելով այն որպես հայ-թուրքական մերձեցման գործընթացի շարունակությունը: “Սակայն իրականում, արձանագրությունների վավերացման գործընթացն արդեն սպառել է իրեն”,-ասել է Սաֆարյանը:

Իր հերթին “Օրինաց երկրի” խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ առաջկա հանդիպումը չափազանց կարևոր է և կարող է խթան հանդիսանալ առանց նախապայմանների արձանագրությունների վավերացման համար:

“Հայաստանի նախագաի համաձայնությունը` հանդիպել Էրդողանի հետ, չի զարմացնում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ՀՀ ղեկավարության նախաձեռնողական քաղաքականությունը ոչ մի առաջարկ չի մերժում”,-ճեպազրույցում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ինչպես նշել է Մինասյանը, հանդիպմանը Թուրքիան կփորձի պահպանել հայ-թուրքական մերձեցման գործընթացը և որոշակի առաջընթացի հասնել ղարաբաղյան կարգավորման հարցում: “Այսինքն, թուրքական կողմը մտադիր է հասնել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իր նախապայմանի իրականացմանը”,-ասել է նա:

Առաջիկա հանդիպումը կաևորել է նաև “Բարգավաճ Հայաստանի” խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա, այժմ եկել է Թուրքիայի պատասխան քայլի պահը, և, եթե այդ երկիրը հավատարիմ է արձանագրությունների ոգուն ու տառին, ապա պետք է վավերացնի դրանք առանց նախապայմանների”,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ խելամիտ ժամկետներն արդեն անցել են, և Հայաստանն արդեն այժմ պատրաստ է ետ կանչել իր ստորագրությունը: “Սակայն Հայաստանը դա պետք է անի քաղաքական տեսակետից ամենանպաստավոր պահի”,-նշել է նա: