13 նոյեմբերի 2001 - 20:26 AMT
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ՊԱՐՏՔ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՄԻՆՉԵՒ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը
«ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերությունը երկարացրել է պարտք ունեցող բաժանորդների հեռախոսահամարների վերականգնման ընթացակարգը մինչեւ 2001 թվականի դեկտեմբերի 31-ը: Ինչպես «Արկա» գործակալությանը տեղեկացրել են ընկերության հասարակության հետ կապերի վարչությունից, ղեկավարության որոշմամբ, բաժանորդները, որոնց հեռախոսները չվճարելու պատճառով անջատվել էին մինչեւ սույն թվականի հուլիսի 1-ը, կրկին կարող են օգտվել իրենց հեռախոսահամարներից: Ըստ այնմ նրանց իրավունք է տրվում վճարել ոչ թե տեղադրման համար սահմանված 24 հազարը, այլ ընդամենը 6 հազար դրամ:
Համաձայն ընկերության ղեկավարության կողմից հրապարակված հայտարարության` բանակցությունները ՀՀ կառավարության հետ, գոյություն ունեցող տարաձայնությունների ողջ փաթեթի վերաբերյալ, կսկսվեն նոյեմբերի 19-ին եւ կշարունակվեն 60 օր: Բանակցությունների ընթացքում «ԱրմենՏելը» մտադիր է կասեցնել Հայաստանի կառավարության եւ երրորդ կողմի դեմ դատական քննությունները, սակայն չի հրաժարվում իր լիազորություններից կամ պահանջներից եւ իրավունք է վերապահում իրեն իրավաբանական գործողություններ ձեռնարկել: Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: