13 նոյեմբերի 2001 - 22:03 AMT
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-16-Ը ԿԿԱՅԱՆԱ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով նոյեմբերի 14-16-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին իր տիկնոջ` Իոլանտա Կվասնեւսկայի հետ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն այսօր տեղեկացրեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, Ալեքսանդր Կվասնեւսկուն կուղեկցեն փոխնախարարներ, նախագահի խորհրդատուներ եւ այլ պաշտոնական անձիք: Այցի շրջանակներում Հայաստան կժամանի նաեւ լեհ գործարարների խումբ: Հայաստանի ղեկավարի նստավայրում երկու նախագահների անձնական զրույցից հետո կկայանան երկու պատվիրակությունների բանակցություններ ընդլայնված կազմով: Նախատեսվում է, որ այցի ավարտին կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր: Նոյեմբերի 14-ի երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստանի առաջին տիկնոջ անունից կտրվի պաշտոնական ճաշկերույթ` ի պատիվ Ալեքսանդր Կվասնեւսկու եւ նրա տիկնոջ: Նոյեմբերի 15-ին երկու երկրների նախագահները կմասնակցեն գործարարների հայ-լեհական ժողովի բացման արարողությանը: Նույն օրը Լեհաստանի նախագահը կհանդիպի Հայաստանի Ազգային ժողովի, մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբակցությունների եւ խմբերի ղեկավարների հետ: Այցի շրջանակներում լեհական պատվիրակությունը կայցելի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ուր նախագահ Կվասնեւսկին ծաղկեպսակ կդնի եւ կմասնակցի ծառատնկմանը: Երեւանի պետական համալսարանում կկայանա Կվասնեւսկու հանդիպումը ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այցի վերջին օրը Ալեքսանդր Կվասնեւսկին կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ կհանդիպի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդի հետ: Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահը կայցելի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Սեւանի նստավայր, Մատենադարան եւ կհանդիպի Հայաստանում լեհական է համայնքի ներկայացուցիչների հետ: Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: