10 ապրիլի 2010 - 15:36 AMT
Հայ երեխաները նվաճեցին “Նովայա վոլնա” մրցույթի ժյուրիի սրտերը

”Մանկական “Նովայա վոլնա” մրցույթի ազգային ընտրական փուլի մասնակիցները նվաճեցին ընտրական մրցույթի ժյուրիի սրտերը: “Ռազմիկն ու ընկերները” խումբը, որը հադես էր գալիս ավագ տարիքային խմբում (13-15), ժյուրիի որոշմամբ կմասնակցի միանգամից մրցույթի եզրափակչին Ղրիմում:

“Երեխաները գերեցին մեր սրտերը իրենց վոկալով, էներգետիկայով և բեմում ու հանդիսատեսի հետ աշխատանքով”,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել մրցույթի հայաստանյան ընտրական փուլի ժյուրիի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իզաբելա Մանասարյանը:

Նա հաղորդել է նաև, որ մրցույթի կիսաեզրափակչին, որը կկայանա ապրիլին Մոսկվայում, կմասնակցի 3 երեխա կրտսեր տարիքային խմբից (8-12 տ)` Վլադիմիր Արզումանյանը, Նադեժդա Սարգսյանը և Մասիս Մինասյանը:

“Նովայա վոլնա” մրցույթի կիսաեզրափակիչ փուլին կմասնակցեն նաև Անի Արզումանյանն ու Սոնա Շահգելդյանը:

Ինչպես նշել է Իզաբելլա Մանասարյանը, կանոնակարգով չի սահմանափակվում այս կամ այն երկրից մասնակիցների թիվը, ուստի “Մանկական “Նովայա վոլնա” և “Նովայա վոլնա” մրցույթների եզրափակիչներին մասնակցելու շանս ունեն բոլորը: