"Կաննի կինոփառատոնում և կինոտոնավաճառում Հայաստանը կներկայացնենք բարձր մակարդակով և առանց կազմակերպչական թերությունների: Կինոթատրոններն արդեն վարձվել են հայկական ֆիլմերի ցուցադրության համար, որոնց ընդհանուր թիվը 35-ն է",- հաղորդել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Գևորգ Գևորգյանը ապրիլի 13-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով, մայիսի 12-13-ը Կաննում Հայաստանի Ազգային կինոկենտրոնը կներկայացնի 8 անիմացիոն, 4 փաստագրական, 12 դեբյուտային և ուսանողական, 3 կարճամետրաժ, 8 լիամետրաժ խաղարկային ֆիլմ:
"Հայաստանի առաջին մասնակցությունը Կաննի կինոփառատոնին, որի արդյունքում անցյալ տարի ներկայացվեցին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից 2006-2009թթ. ընթացքում նկարահանված ֆիլմեր, դրական էր: Դրա արդյունքում հնարավոր դարձավ հայկական ֆիլմեր ներկայացնել զանազան կինոփառատոններում",- նշեց Գևորգ Գևորգյանը: