Հայ-ռուսական կազակական միավորումները միշտ պատրաստ են Հայաստանին պաշտպանելու: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՌԿՄ-ի գլխավոր ատաման Մայիս Միրզոյանը:
Նրա խոսքերի համաձայն, Ադրբեջանի հարձակման դեպքում Հայաստանի կազակները պատրաստ են ամեն կերպ աջակցել ՀՀ պաշտպանության նախարարությանն ու զինված ուժերին: “Հայաստանի կազակները ակտիվորեն մասնակցել են Ղարաբաղյան ազատագրական պատերազմին: Մեր շարքերում շատ են Աֆղանստանի պատերազմի, Չեչնիայի պատերազմի վետերանները: Մենք պատերազմի մեծ փորձ ունենք և պատրաստ ենք նրանց հետ կիսելու այն”, - ասել է Մայիս Միրզոյանը:
ՀՌԿՄ ատամանի տեղակալ Արսեն Դավթյանն ասել է, որ ներկայում Հայաստանի կազակները զբաղվում են երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, մասնավորապես, միավորման անդամները երկրի միջնակարգ դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն են դասավանդում: Դավթյանի խոսքերի համաձայն, կազակների միավորման գործունեությունն ուղղված է ամրապնդելու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամական կապը, ինչպես նաև ապահովել հայերի անվտանգությունը Ռուսաստանում: “Մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի կազակական միավորման հետ, և նրանց հետ միասին լուծում ենք մեր հայրենակիցների անվտանգության ու իրավունքների պաշտպանության հարցերը Ռուսաստանի տարածքում”, - ասել է Արսեն Դավթյանը:
Միավորման ատամանի հասարակայնության հետ կապերի խորհրդական էդուարդ Վարդանյանն ասել է, որ միավորումն ակտիվորեն մասնակցելու է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներին:
ՀՌԿՄ-ն ստեղծվել է 2009 թ. հունվարի 27-ին: Միավորման նպատակն է` կամավորական հիմունքներով միավորել Հայաստանի և Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր կազակական արմատներ ունեն, պաշտպանել և աջակցել հայրենակիցներին այլ երկրների տարածքում, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, երկրում արտակարգ իրավիճակ ստեղծվելու դեպքում` աջակցել իշխանության մարմիններին: