14 ապրիլի 2010 - 20:39 AMT
Հայաստանի 85 քոլեջի 1200 դասախոսներ վերապատրաստման դասընթացներ կանցնեն

Ապրիլի 14-ին Երևանի պետական ճարտարագիտական քոլեջում մեկնարկեցին նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների և վարչական անձնակազմի վերապատրաստման եռամսյա դասընթացները:

Այդ դասընթացները կկազմակերպվեն Երևանի և մարզերի 49 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` 85 քոլեջի և արհեստագործական ուսումնարանի շուրջ 1200 դասախոսի և արտադրական ուսուցման վարպետի մասնակցությամբ: Դասընթացները կիրականացնի "Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը"` Եվրամիության Հայաստանին տրամադրված բյուջետային աջակցության շրջանակում:

Դասընթացների անցկացման համար հիմք է ծառայել մասնագիտական պետական կրթական 61 չափորոշչի հաստատումը, որոնք փորձաքննության են ենթարկվել շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովող մասնակցային մոտեցման կիրառմամբ` ապահովելով սոցիալական գործընկերությունը ՄԿՈՒ ոլորտում, որից հետո հաստատվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով և պետական գրանցում ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Չափորոշիչներից 56-ը մշակել է Կրթության ազգային ինստիտուտի "Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը" (ՄԿՈՒԶԱԿ), ևս 5-ը` ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակում:

"Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի բոլոր ներդրումները միտված են ՀՀ-ում կրթությունը համապատասխանեցնելու տնտեսական պահանջարկին",- նշել է Արմեն Աշոտյանը` ներկա գտնվելով նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստման եռամսյա դասընթացների մեկնարկին: