14 ապրիլի 2010 - 22:51 AMT
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Նոբելյան մրցանակակիր, բիոքիմիկոս Աարոն Չեխանովերին

Ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Նոբելյան մրցանակակիր, բիոքիմիկոս Աարոն Չեխանովերին: Նա առաջին անգամ է Հայաստանում` Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին, վարչապետը կարևորել է նման այցերը, քանզի դրանք հնարավորություն են տալիս նոր որակի բարձրացնել գիտական համագործակցության մակարդակը: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է արտահայտվել նաև գիտության ոլորտում նոր մոտեցումների ընդունման ու կիրառման շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են նաև "Լույս" հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարա-Ասլանյանն ու Ազգային մրցունակության խորհրդի տնօրեն Բեկոր Փափազյանը, ովքեր ներկայացրել են իրենց ղեկավարած հաստատությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անվանի գիտնականը ներկայացրել է գիտության զարգացման մասին իր պատկերացումները, խոսել մասնագիտական փորձի մասին, որն ըստ նրա, կարող է օգտակար ու կիրառելի լինել նաև մեր երկրում:

Զրուցակիցները կարևորել են համալսարանների դերը, գիտական նորարարության նշանակությունը, գործարար կապերի ակտիվացման մեխանիզմների ստեղծումն ու կիրառումը, ինչպես նաև ուսանողների ու գիտնականների փոխայցելությունները, հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: