15 ապրիլի 2010 - 15:10 AMT
Ապրիլի 16-ին Ազգային պատկերասրահում կբացվի Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

Ներկայացված կլինեն Ցեղասպանությանը վերաբերվող հայ հին և ժամանակակից նկարիչների ստեղծագործություններ. Գևորգ Բաշինջաղյան, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Սարգիս Խաչատուրյան, Արա Շիրազ, Հակոբ Հակոբյան, Հարություն Հարությունյան, Հարություն Հակոբյան, Ղազար Միրզոյան, Արարատ Սարգսյան և այլք:

Ցուցահանդեսի ընթացքում կլինի նաև գրքի շնորհանդես, ուր կներկայացվեն ցուցահանդեսի աշխատանքները, Եղեռնի պատկերասրահից ֆոտոներ, մինչ այժմ չհրատարակված փաստավավերագրական նյութեր:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը, Ցեղասպանության թանգարանը, Աշխարհի հայ նկարիչների միավորումը:

Օժանդակող` ՀՀ Մշակույթի նախարարություն, Ազգային պատկերասրահ: Ինչպես հայտնում է ՀԱԵ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական կենտրոնը, ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: