15 ապրիլի 2010 - 15:51 AMT
Մոսկվայում տեղի կունենա Արևմտյան Հայաստանի Խնուս գավառին նվիրված երեկո

Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև Խնուսի մասին գրած Սամվել Մհերյանի “Մենավոր բազե” գրքի շնորհանդեսը: Ապրիլի 17-ին Հայ Առաքելական եկեղեցուն կից երիտասարդական միությունը “Խնուս” մշակութային հիմնադրամի հետ համատեղ Մոսկվայում երեկո է կազմակերպելու, որի ընթացքում ներկայացվելու է Արևմտյան Հայաստանի Խնուս գավառը: Երեկոյի ընթացքում Երևանից ժամանած “Խնուս” մշակութային հիմնադրամի ղեկավար Սամվել Մհերյանը կներկայացնի իր նոր պատմավեպը, որ վերնագրել է “Մենավոր բազե”: Այն պատմում է Խնուս գավառի մասին: Երեկոյի ընթացքում ցուցադրվելու է “Եդեմական այգի” ֆիլմը, որում հանդիսատեսները կտեսնեն գավառի բնությունն ու քարտեզը:

“Մենավոր բազե” գրքի հիմքում ընկած են փաստագրական նյութեր: Վեպում նկարագրվում է Օսմանյան կայսրության հակահայկական ամենաարյունալի ժամանակաշրջանը, ներկայացվում է թուրքական լծի տակ հեծող Արևմտյան Հայաստանի Խնուս գավառի հայերի կյանքի վերջին տասնամյակը: