Այսօր Երևանի թիվ 118 դպրոցում մեկնարկեց "Կենսաբանություն" առարկայի հանրապետական փուլը, որին մասնակցում են 99 աշակերտներ, որոնցից 27-ը 8-9-րդ դասարանցիներ են, 24-ը` 10-րդ, ևս 48-ը` 11-րդ դասարանցիներ: Մասնակիցներից 25-ը ներկայացնում են Երևանի դպրոցները, մնացածը մարզերի աշակերտներ էին:
Օլիմպիադայի մեկնարկին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտութան նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, որը, ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին, նշեց, որ ժամանակին լինելով օլիմպիական շարժման ակտիվ մասնակից, այսօրվա օլիմպիականներին իրավամբ համարում է կենսաբաններ, որովհետև, ըստ փոխնախարարի, "չնայած ընդունված է ասել ապագա կենսաբան, քիմիկոս կամ մաթեմատիկոս, բայց իրականում կենսաբանը լինում է մտածելակերպով և ցանկացած տարիքում":
Այս տարի առաջին անգամ "Կենսաբանություն" առարկայի օլիմպիադան ընթացավ երկու փուլով` գործնական և տեսական: Հայաստանի Հանրապետությունը "Կենսաբանության Միջազգային Օլիմպիադա" կազմակերպությանն անդամակցում է 2009 թվականից: Անդամակցությունը հնարավորություն է տվել այդ տարի մեր աշակերտներին առաջին անգամ մասնակցել Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում կազմակերպված կեսաբանության միջազգային 20-րդ օլիմպիադային, որին ներկայացված էր 56 երկրի 221 աշակերտ:
Մասնակիցները խնդիրներ են ունեցել օլիմպիադայի գործնական փուլի առաջադրանքները կատարելիս, որի պատճառն ուսումնական հաստատություններում համապատասխան լաբորատորիաների բացակայությունն էր: Խնդիրը լուծելու նպատակով` ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել "Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1522-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին": Փոփոխությունը հնարավորություն կտա ավագ դպրոցներից մեկում ձևավորել կենսաբանության առարկայի գործնական պարապմունքների կազմակերպման համար ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիա` հագեցած սարքավորումներով և փորձերի համար անհրաժեշտ նյութերով: Վերջինս կնպաստի ինչպես օժտված աշակերտների բացահայտմանը, այնպես էլ հանրապետական և միջազգային օլիմպիադաների մասնակից հայ աշակերտների գործնական գիտելիքների ձեռքբերմանը, հաղորդում է Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը:
Օլիմպիադաների հանրապետական փուլը կազմակերպվում է 15 առարկայից` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, հայոց լեզու, հայ գրականություն պատմություն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու, աշխարհագրություն, աստղագիտություն, հայոց եկեղեցու պատմություն: