15 ապրիլի 2010 - 19:57 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնող ֆիլմերը կցուցադրվեն Թուրքիայում կայանալիք բոլոր կինոփառատոններում

"Մեր խնդիրները լսելու կամ չլսելու` Թուրքիայի պատրաստակամությունը մեզ համար պայման չէ, քանի որ մենք նրա հետ խոսում ենք արվեստի լեզվով, իսկ արվեստի հետ ոչ ոք չի կարող վիճել",- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց "Ոսկե ծիրան" կինոփառատոնի կազմակերպիչներից մեկը` ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով, հայ ռեժիսորների կողմից նկարահանված բոլոր ֆիլմերը, որոնցում շոշափվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այսպես, թե այնպես ցուցադրվելու են Թուրքիայում կայանալիք բոլոր կինոփառատոններում, քանի որ այդ փառատոններն անցկացվում են ոչ թե քաղաքական գործիչների, այլ արվեստի գործիչների ու արվեստաբանների համար:

"Քաղաքական գործիչներն իրավունք չունեն միջամտելու այդ գործընթացին. Հայաստանում մի շարք ֆիլմեր են ցուցադրվել, որտեղ հայերը ներկայացված են ոչ ամենալավ կերպով, սակայն այդ ֆիլմերը դիտարկվել են որպես արվեստի գործեր և միանգամայն հանգիստ ընդունվել: Մեր նպատակն է արվեստում ներկայացնել մեր խնդիրը և ներկայացնել այդ արվեստը Թուրքիայի կենտրոնում",- ընդգծել է Հարություն Խաչատրյանը` ավելացնելով, որ եթե քաղաքական գործիչները փորձեն միջամտել արվեստին, ապա կմիջամտեն նաև ողջ աշխարհի արվեստի գործիչները, իսկ դա արդեն մեծ ուժ է: