16 ապրիլի 2010 - 13:51 AMT
Արամ Սաֆարյան. ԱՄՆ-ն ցանկանում է մեռյալ կետից շարժել հայ-թուրքական երկխոսությունը

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հինգ պատճառ ունի` բարձր գնահատելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վաշինգտոն: Առաջին հերթին ՀՀ նախագահի հայտարարությունները Վաշինգտոնում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների յուրօրինակ ամփոփում էին, երկրորդը` նրա վաշինգտոնյան հանդիպումները ԱՄՆ-ի քաղաքականության արդյունքն են, որը ջանում է մեռյալ կետից շարժել հայ-թուրքական երկխոսությունը: Երրորդը` հայ-թուրքական մերձեցումը պետք է շարունակվի, քանի որ այն նպաստում է խաղաղության ամրապնդմանը Հարավային Կովկասում: Չորրորդը` Ս.Սարգսյանը հստակ ցույց տվեց աշխարհին, որ հայկական կողմը չի գնա զիջումների ղարաբաղյան հարցում հանուն հայ-թուրքական մերձեցման, և մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը: Եվ վերջինը` հայ-թուրքական երկխոսությունը պաշտոնական հանդիպումներից բացի, հարկավոր է առաջ տանել նաև հասարակական մակարդակով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսւոմ հայտարարել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը օլիմպիական “մարաթոն է”, որը հարկավոր է պատվով անցնել: Նա նաև հավելել է, որ, այնուամենայնիվ, ապրիլի 24-ից հետո երկխոսությունը Հայաստանի ու Թուրքիայի միջև կշարունակվի, ինչն առավելապես կախված է Թուրքիայից:

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վերաբերյալ Սաֆարյանն մեկ անգամ ևս նշեց, որ եթե թուրքական կողմը վավերացնի այդ փաստաթղթերն առանց նախապայմանների ու վերապահումների, Հայաստանը նույն կերպ կվարվի:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա, ըստ պատգամավորի, այստեղ գլխավոր հարցը շարունակում է մնալ Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: “Ես կարծում եմ նաև, որ Թուրքիան չի կարող ազնիվ ու անաչառ միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության հարցում: Սակայն, հանուն նրա, որ Թուրքիան նույն աչքով նայի Ադրբեջանի ու Հայաստանի վրա, կարելի է աշխատել”,-նշել է նա: