18 ապրիլի 2010 - 16:24 AMT
Կուբանի հայերը Կրասնոդարի շրջանի Օրենսդրական ժողովին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ապրիի 17-ին Կուբանի Սլավյանսկ քաղաքում (Կրասնոդարի շրջան) կայացավ "Հայոց ցեղասպանությունն ու Արևմտյան Հայաստանը" խորհրդաժողովը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի "Երկրամաս" թերթի Տեղեկատվական կենտրոնը, խորհրդաժողովին մասնակցում էին շրջանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Խորհրդաժողովի շրջանակներում կայացավ "Երկրամաս" թերթի կողմից պատրաստված Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմի շնորհանդեսը:

Զեկույցներով հանդես եկան Կուբանի Սլավյանսկի Միջազգային բարեկամության Ակումբի նախագահ Անաիդա Մելտոնյանը ("Հայոց ցեղասպանությունը` պատմությունը և մեր օրերը"), "Համշեն" Կենտրոնի նախագահ, Ապշերոնսկ քաղաքի պատգամավորների քաղաքային խորհրդի պատգամավոր Արտավազդ Թուլումջյանը ("Հայերը Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում այսօր") և Ռուսաստանի հայերի "Երկրամաս" թերթի գլխավոր խմբագիր, Արևմտյան Հայաստանի Հայկական Ազգային Խորհրդի ներկայացուցիչ Տիգրան Թավադյանը ("Հայ ժողովրդի տարածքային իրավունքների վերականգնման մասին"):

Խորհրդաժողովի արդյունքներով Կրասնոդարի շրջանի Օրենսդրական ժողովի պատգամավորներին ուղղված դիմում ընդունվեց` Թուրքիայի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին համապատասխան հայտարարություն ընդունելու ճանապարհով XX դարասկզբին հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործության փաստի առնչությամբ իրենց վերաբերմունքը արտահայտելու կոչով:

Կուբանի Սլավյանսկի հայ համայնքի և Ռուսաստանի հայերի "Երկրամաս" թերթի կողմից կազմակերպված խորհրդաժողովը տեղի ունեցավ Սլավոնական Պետական Մանկավարժական Ինստիտուտի նիստերի դահլիճում: