Հայոց ցեղասպանության հարցն ազնվության ու բարոյականության չափանիշ է դարձել միջազգային հարաբերությունների, իրավունքին ու արդարությանը հավատարմության հանդեպ մոտեցման հարցում: Այդ հարցը միանգամայն արդիական է և ամենաուղղակի կապն ունի ոչ միայն այդ հանցագործության զոհերի, այլև ողջ մարդկության, ողջ մարդկային քաղաքակրթության ճակատագրի հետ: Այդ մասին ասվում է Մոսկվայի հայկական կազմակերպությունների Ֆորումի (ՄՀԿՖ) հայտարարության մեջ:
"Ներկայիս պայմաններում Հայոց ցեղասպանության դատապարտման արդիականությունը բացատրվում է մարդկության դեմ այդ ծանր հանցագործության ահագնացմամբ: Հայոց ցեղասպանության դատապարտումը կօգնի կանխել նման սարսափներն ապագայում: Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ ռասայական, կրոնական ու էթնիկական խմբերի իրավունքների զանգվածային խախտման վաղ կանխումը մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում և ցեղասպանությունների կանխման գլխավոր միջոցն է: Միջազգային հանրության կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Օսմանյան Թուրքիայի կողմից հայրենի հողում մի ամբողջ ժողովրդի ու նրա դարավոր մշակույթի բարբարոսական ոչնչացման համապատասխան գնահատականի բացակայությունը հանգեցրեց նման ծանր հանցագործությունների կրկնությանը: Երկիրը մեր ընդհանուր տունն է, և յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր մշակույթ համընդհանուր հարստություն է, և դրա գիտակցումը պետք է մարդկությանը ստիպի այսուհետ թույլ չտալ նման անմարդկային երևույթներ: Սակայն, չդատապարտելով իրագործված ցեղասպանությունը, անհնար է կանխել հաջորդները: Չափազանց կարևոր է, որպեսզի Օսմանյան կայսրության կողմից իրագործված ցեղասպանությունը ճանաչվի հենց Թուրքիայի կողմից: Իրեն քաղաքակիրթ համարող երկիրը չի կարող կոծկել իր պատմության էջերը` թեկուզև ամոթալի: Թուրքիայի կողմից նման վարքը բավական բարդացնում է հայ և թուրք ժողովուրդների հարաբերությունները, չի նպաստում երկրների միջև լարվածության նվազմանը, խոչընդոտում է վստահության մթնոլորտի ու որակապես նոր հարաբերությունների հաստատմանը: Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք մարդկության դեմ հանցագործությունների անթույլատրելիության մասին և մեր աջակցությունը հայտնում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, Ցեղասպանության հետևանքների վերացմանն ու պատմական արդարության վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերին",- ասվում է հայտարարության մեջ: