Հայ-թուրքական սահմանը չի բացվի, մինչև երկրները չվավերացնեն հայ-թուրքական Արձանագրությունները: Այդ մասին Անկարայում Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն: Նրա խոսքով, օրակարգում ներառված չէ առանց փաստաթղթերի վավերացման հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Նման կերպով Դավութօղլուն պատասխան տվեց Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանն այն մասին, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել նախքան Արձանագրությունների վավերացումը, հաղորդում է Anatolian News Agency-ն: